ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր լրագրողին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Facebook-ի ուղիղ եթերում մեկնաբանեց Շուշիի՝ հայկական քաղաք լինել-չլինելու մասին ԱԺ-ում արած իր հայտարարությունը:
Փաշինյանը նախ մեջբերեց ԱԺ-ում պատգամավորի հարցին տված իր պատասխանը, ապա մեկնաբանեց, որ այդ հայտարարությունն արել է Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի և 1992թ-ի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին Ադրբեջանի պահանջի համատեքստում:
«Այսինքն՝ երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման: Այդ նոր պայմանը հետևյալն էր, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992թ-ի, այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ առկա ստատուս քվոյի: Ըստ էության առաջարկվում էր, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96%»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նա նաև շեշտեց, որ այս առաջարկից հետո իրեն շատերը հրապարակային քննադատել են, թե տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել:
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
«Ես ընդամենը արձագանքել եմ այդ հայտարարություններին, թե այդ ովքե՞ր են ու ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96% ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ հարցը Շուշիի կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության:
«Այսինքն՝ մենք այստեղ պատմական հարց չենք քննարկում, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբում, այլ քննարկել ենք կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջադրվել՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական իրավիճակին ու ստատուս քվոյին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց` իր այդ հայտարարության մեջ ինքը նաև նշել էր, որ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական տվյալներին համապատասխան, Ադրբեջանը առաջ է քաշել բանակցային ողջ գործընթացի ընթացքում:
Իսկ իր հայտարարության շուրջ բարձրացած աղմուկի համար ՀՀ վարչապետը մեղադրեց լրատվամիջոցներին՝ ասելով. «Դուք գիտեք, թե այս հարցուպատասխանի հետ լրատվական դաշտում ում ջանքերով ինչ է տեղի ունեցել»:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին լրագրող Լիա Սարգսյանը «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանին խնդրել էր մեկնաբանել Շուշիի մասին հայտարարությունը և հստակեցնել՝ Շուշին իր կարծիքով ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական: Վարչապետը վեճի էր բռնվել լրագրողի հետ՝ նրանից պահանջելով ամբողջությամբ մեջբերել իր հայտարարությունը և խոստանալով միայն դրանից հետո պատասխանել այդ հարցին՝ Facebook-ի ուղիղ եթերում: Հունվարի 29-ին լրագրողը կատարել էր իր խոստումն ու գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա կառավարության շենքի մոտ էր եկել պաստառով, որի վրա մեջբերել էր Փաշինյանի արտահայտությունը Շուշիի մասին: