ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները հարբած վիճակում կրակոցներ են արձակում փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` հավելով, որ ահազանգեր է ստանում նշված գյուղերի բնակիչներից ու համայնքային մարմիններից։ Նրանք ասում են, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերը:
«Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց: Ընդ որում` գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակոցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ»,- Facebook-ի իր էջում գրել է պաշտպանը։
Գեղարքունիքում անհանգիստ են. կենդանիները կարող են անցնել Ադրբեջանի կողմ
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն այդ կրակոցների մասին ահազանգեր են ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև արձանագրվել են, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:
«Այս փաստն ավելի է ամրապնդում ՄԻՊ–ի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջհամայնքային ու միջպետական ճանապարհներին»,- նշում է Թաթոյանը:
Պաշտպանը արձանագրված դեպքերի վերաբերյալ հաղորդումներն ուղարկելու է միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:
ՀՀ ՄԻՊ–ը դիմել է միջազգային կառույցներին ՀՀ սահմանների որոշման ոչ լեգիտիմության հարցով