Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա ավելացրեց` Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետը սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ջալալ Հարությունյանը որոշ հարցերում համաձայն չի եղել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Մի վարկածի համաձայն՝ նա վրդովվել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններից։ Իսկ մյուս վարկածի համաձայն՝ կտրականապես դեմ է եղել Լելե-Թեփեի և Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակմանը։  Տեսակետներ են հնչում նաև, որ Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ Հարությունյանի տեղաշարժի մասին։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանն այդ առնչությամբ գրառում է արել Facebook–ում։

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– գրել է նա:

Sputnik Արմենիայի տվյալներով ՝ Հարությունյանին հաջողվել է փրկվել պայթյունից առաջ մեքենայից դուրս նետվելու շնորհիվ։

Նա կապի խափանումից հասկացել է, որ հակառակորդն ԱԹՍ է գործարկել։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված վիրավորումով։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: