ԱՄՆ–ն Լեռնային Ղարաբաղի հարցով գործակցում է Ռուսաստանի հետ. դեսպան

ԱՄՆ դեսպանը խոստովանել է, որ աշխարհաքաղաքական շատ հարցեր կան, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարաձայնություններ ունեն. Բայց երկխոսությունը պետք է շարունակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` դեսպանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է շարունակել երկխոսությունը։

Ռուս-թուրքական կենտրոնը բացվեց. ովքե՞ր են ներկա եղել բացմանը

Նա հայտնել է, որ ինքը ոչ վաղ անցյալում ֆրանսիացի գործընկերոջ հետ մասնակցել է ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցին։

«Ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրին Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև դադարեցված հակամարտության մասին։ Սա ոլորտներից մեկն է, որտեղ ԱՄՆ–ն համագործակցում է Ռուսաստանի կառավարության հետ, և տվյալ դեպքում` Ֆրանսիայի կառավարության հետ` որպես Մինսկի խմբի համանախագահի։ Եվ մենք ցանկանում ենք շարունակել այդ հարցերի շուրջ մեր գործակցությունը», - ասել է Սալիվանը։

Նա խոստովանել է, որ աշխարհաքաղաքական շատ հարցեր կան, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարաձայնություններ ունեն, օրինակ` Ուկրաինայի հարցում, բայց, նրա խոսքով, երկխոսությունը շարունակելը պարզապես անհրաժեշտություն է։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են