Տրանսպորտում կատարված գողությունները բացահայտվել են, գողերը բռնվել՝ քաղաքացիների շնորհիվ

Պարզվել է, որ արմավիրցի 3 տղամարդ, 2018-2020թթ. ընթացքում, համատեղ և առանձին-առանձին, երթուղային ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում քաղաքացիներից դրամապանակներ են հափշտակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է տրանսպորտում կատարված մի շարք գողություններ ու դրանց կատարողներին:

Երկաթուղում հաճախակի են դարձել գողության դեպքերը. ՀԿԵ

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51, 44 և 30-ամյա տղամարդիկ նախնական համաձայնության գալով, 2018թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Երևանում նստել են երթուղային միկրոավտոբուս, որտեղ նրանցից երկուսը, շեղելով ուղևորուհու ուշադրությունը և ծածկելով միկրոավտոբուսի մեջ գտնվող մյուս անձանց տեսադաշտը, օժանդակել են 51-ամյա տղամարդուն կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը:

Հերթական գողության փորձը կատարվել է արդեն 2020թ. հունվարի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում: 51 և 44 -ամյա տղամարդիկ երթուղային ավտոբուսում փորձել են քաղաքացու պայուսակից հափշտակություն կատարել, սակայն ուղևորներից մեկը նկատելով բղավել է, իսկ ավտոբուսում գտնվող մեկ այլ ուղևոր խնդրել է նրանց մի կողմ գնալ: 51-ամյա տղամարդը հարձակվել է այդ ուղևորի վրա և բռունցքով հարվածներ հասցրել վերջինիս դեմքին: Վարորդը տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, կանգնեցրել է ավտոբուսը: ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերոնշյալ 3 անձինք, 2019-2020թթ. ընթացքում, առանձին-առանձին, երթուղային ավտոբուսում քաղաքացիներից հափշտակել են դրամապանակներ՝ վերջիններիս պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ արմավիրցի 3 տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 և 258 հոդվածներով (գողություն և խուլիգանություն):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: