ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին օրենքը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2010 թվականի ապրիլի 8-ի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգման դաշնային օրենքը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Դաշնային օրենքն ընդունվել է Պետական դումայի կողմից 2021 թվականի հունվարի 27-ին և Դաշնության խորհրդի կողմից հաստատվել նույն օրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը պայմանավորվել են երկարաձգել 2010-ի մայիսին ստորագրված ու 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը։
Ըստ պայմանագրի՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է կրճատեր իր միջուկային զինանոցն այնքան, որ յոթ տարի անց միջմայրցամաքային, սուզանավերի ու ծանր ռմբակոծիչների բալիստիկ հրթիռների գումարային քանակը չգերազանցի 700-ը, մարտական գլխիկները՝ 1 550-ը, տեղադրված ու չտեղադրված մեկնարկային սարքերը՝ 800-ը։
Ռուսաստանի դեսպանը պատասխանել է հիպերձայնային հրթիռների մասին ԱՄՆ հայտարարությանը