Որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել. ՊԲ–ն հայտարարություն է տարածել

ՊԲ–ից վստահեցնում են, որ պատերազմից հետո հետ քաշվելը պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Պաշտպանության բանակի որևէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել։ Այս մասին վստահեցնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը` հորդորելով չտարածել  բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն իրական հիմք և նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը:

«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների բարեկամները նոր են գնում նրանց տեսության

«Մասնավորապես, համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն իբր թե 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը»,–ասվում է հայտարարության մեջ:

Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ պատերազմի ընթացքում գնդապետ Գ.Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների և ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը (նաև այնպիսի տարածքներից, որտեղ եղել են հրամանատարական կետեր և ամրաշինական կառույցներ) պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը