ՄԱԿ-ն օգնություն կտրամադրի Ղարաբաղյան հակամարտությունից տուժած խոցելի խմբերին Հայաստանում

Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ապրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Ղարաբաղին. Պուտին

Նշվում է, որ ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Աջակցությունը տրամադրվելու է, մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության ապրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը:

«Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։