Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Գավառի բնակիչն անչափահասներին թմրանյութ էր վաճառել. ոստիկանները բացահայտել են նրան

Այսպես՝ հունվարի 29-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Վ․ Վ․-ի կողմից բերված հանձնուքը։

«Զննության արդյունքում երկու տոլմայի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7․22 և 7․56 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Հիշեցնենք, որ ՔԿ արգելված իրեր տեղափոխելու արտառոց դեպք էր գրանցվել 2020-ի սեպտեմբերին. «Սևան» քրեակատարողական հիմնարկում բռնել էին կատվի, որի վզին կապված կաշվե կապոցում հայտնաբերվել էին 4 հեռախոսային քարտ, «մարիխուանա», «շոկոլադկա», «ափիոն» տեսակի թմրամիջոցների փաթեթներ։

Ոստիկանները թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի մետրոյից բերման են ենթարկել 2 երիտասարդի