ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արցախցի հայտնի երգիչ Միշա Գրիգորյանը (Michel Grig) ռուսաստանցի ռազմական լրագրողներ Տիմոֆեյ Երմակովի և Սեմյոն Պեգովի հետ ձայնագրել է երաժշտական տեսահոլովակ՝ նվիրված արցախցիների ազատագրական պայքարին, մասնավորապես, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
Հայ երգիչը տեսահոլովակը տեղադրել է YouTube-յան իր ալիքում հունվարի 28-ին՝ Հայոց Բանակի օրը։
«Շնորհակալ եմ բոլորին, որոնք պաշտպանել են, պաշտպանում են հայրենի հողը։ Շնորհակալություն բոլորին, որոնք հանուն հայրենիքի կյանք ու առողջություն են տվել։ Շնորհակալություն բոլորին, որոնք չկորցրին պատիվն ու արժանապատվությունը և պաշտպանեցին մեր երկրի խաղաղությունը։ Ուժ ու համբերություն Հայաստանի ու Արցախի ժողովրդին», - գրել է Միշան։
Երգիչը նաև հայտնել է, որ լրագրողներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին վավերագրական ֆիլմ կներկայացնեն, որի սաունդթրեքը կլինի իր աշխատանքը։
Սոցցանցային օգտատերերը շատ են հուզվել տեսահոլովակից և բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
«Ինչ հուզիչ էր, խոսքեր չկան, միայն արցունքներ», «Շնորհակալություն հաղթանակի հանդեպ մեր հավատն ուժեղացնող երգի համար»,«Մենք կհաղթենք»,«Հայ զինվորը մեզ հետ է»»,–գրել են նրանք։
Նշենք, որ «Վարգոնզո» նախագծի մասնակից, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն արցախյան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների գոտում էր և պարբերաբար տեսանյութեր էր ներկայացնում մարտի դաշտից։
Պատանի երգիչ Միշա Գրիգորյանը 2017թ.–ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» մրցույթում։