Հինգ հոգու ձերբակալել են ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը

2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել են ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` երեկ Հանրապետության հրապարակում հավաքված մի քանի հարյուր մարդիկ սկզբում պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա և բացատրություն տա Արցախի պատերազմի արդյունքների հետ կապված, իսկ հետո փորձեցին մտնել կառավարության շենք։ Ավելի վաղ ցուցարարները հրապարակից երթով գնացել էին դեպի գլխավոր դատախազության շենք, պահանջել հանդիպում դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Սակայն Դավթյանը չէր իջել ցուցարարների մոտ, և նրանք վերադարձել էին կառավարության շենքի դիմաց։