ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է անում անհապաղ վերադարձնել նաև մյուս 57-ին։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-Twitter–ի իր էջում գրել է Ստանոն:
Ադրբեջանում գտնվող գերիներից 5-ը երեկ` հունվարի 28-ին, ռուսական ինքնաթիռով վերադարձան հայրենիք։
Վերադարձած գերիներն են 47-ամյա Էդիկ Հարությունյանը, 47-ամյա Սեյրան Մաթևոսյանը, 44-ամյա Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզի` գերեվարված 62 զինծառայողների խմբից են։
Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։