Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նշում է, որ բանակն այսօր հաճախ քննադատության է արժանանում, բայց չպիտի վհատվի։ Զինվորը, սպան, գեներալը, նրա խոսքով, գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ ուղերձ է հղել` նշելով, որ յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:

«Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

ԳՇ պետն ընդգծում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և, 44 օր հերոսաբար դիմակայելով, կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Գասպարյանն արձանագրում է, որ անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց, նրա համոզմամբ, հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը:

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

ԳՇ պետի խոսքով` այսօր բանակը հաճախ քննադատության է արժանանում, բայց չպիտի վհատվի։ Զինվորը, սպան, գեներալը, նրա խոսքով, գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև։

«Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը։ Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը»,– ասված է ուղերձում։

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

Գասպարյանը նշում է նաև, որ բանակն այսօր ավելի մեծ աջակցության կարիք ունի և, որքան էլ դժվար լինի, շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանության գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ մարտունակության վերականգնման ուղղությամբ:

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

«Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը։ Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից»,– եզրափակում է ԳՇ պետը:

Հիշեցնենք`ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ Բանակի օրվա առթիվ այսօր` հունվարի 28-ին, տոնական զանգվածային միջոցառումներ չեն իրականացվելու։

Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ