ՌԱԴԻՈ

Պետք է ուսումնասիրել Փաշինյանի և նրա դիլետանտների քայլերի քաղաքական պատճառները. Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայոց բանակի առջև ծառացած խնդիրներին։
Sputnik

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` ստեղծված իրավիճակում նախևառաջ անհրաժեշտ է խորքային վերլուծություններ անել և հասկանալ խայտառակ պարտության, քաղաքական ձախողումների ու հնարավոր դիտավորությունների պատճառները և հետևանքները։

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

Ըստ նրա` առաջին հերթին պետք է արվի զուտ ռազմական նշանակության վերլուծություն, որը պաշտպանական գերատեսչության խնդիրն է, քանի որ կան շատ ու շատ հարցեր, որոնք պատերազմի ընթացքում օրեցօր ավելի ցայտուն ձևով դրսևորվել են որպես բացթողումներ։

«Եվ երկրորդ, ամենակարևոր վերլուծությունը պետք է լինի զուտ քաղաքական պատճառների ուսումնասիրությունը, որը կապ ունի քաղաքական իշխանության, Նիկոլ Փաշինյանի և նրա դիլետանտների դիտավորյալ կամ զուտ դիլետանտության հետևանքով այս իրավիճակին հասցրած քաղաքականության հետ։ Այնպես որ մեզ պետք են խորքային ու երկարաժամկետ ուսումնասիրություններ, ինչից հետո պետք է իհարկե իրավական պատասխանատվության գործընթաց սկսվի»,– նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։

Զաքարյանի կարծիքով` եթե որպես պետություն և հասարակություն, որպես քաղաքական համակարգ չկարողանանք հասկանալ, լիարժեք գնահատական տալ տեղի ունեցածին, ուրեմն այլևս ապագայի մասին խոսելու ո՛չ իրավունք ենք ունենալու, ո՛չ էլ հնարավորություն։

Ըստ նրա` մենք պետք է շատ արագ մեր բանակը ոտքի կանգնեցնենք, բանակում վերականգնենք բարոյահոգեբանական ոգին, մեր ամբողջ պաշտպանական խնդիրները վերանայելու միջոցով նոր ծրագրեր, նոր նշաձողեր, նոր թիրախներ սահմանենք, որպեսզի պետությունը կարողանա շատ արագ տեր կանգնել բանակային նշանակություն ունեցող խնդիրներին, որոնք պահանջում են առաջնակարգ և հրատապ լուծում։

Մեր բանակն իր ուժը ցույց է տալու աշխարհին. Վազգեն Մանուկյանն ասել է` որն է օրվա երդումը

«Որքան էլ քննադատենք, որքան էլ ձախողումների համար քննադատական խոսք ասենք, միևնույնն է, Հայաստանի առջև մարտահրավերները, սպառնալիքներն օրեցօր ահագնանում են, ուստի ոչ ոք չի կարող ասել, որ մեր բանակի դերը պակաս կարևոր է, քան նախկինում էր»,– նշեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը։

Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել

Զաքարյանի գնահատմամբ` ոչ միայն զավեշտալի, այլև արդեն զայրացուցիչ են այն հայտարարությունները, որոնցով դիլետանտները կամ ողորմելի քաղաքական գործիչները փորձում են ինքնահաստատման ճանապարհներ գտնել անցյալի հաշվին, իսկ թե անցյալում ինչ թերություններ ու բացթողումներ են եղել, դրանց մասին խոսել են հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց օրոք, ըստ Զաքարյանի, բանակը միշտ պատրաստ է եղել ոչ միայն դիմակայել Ադրբեջանի ոտնձգություններին, այլև խոցելի հարվածներ հասցնել հակառակորդին։

Պետք է ուսումնասիրել Փաշինյանի և նրա դիլետանտների քայլերի քաղաքական պատճառները. Զաքարյան