Օմբուդսմանը հոսպիտալում տեսակցել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին

Ադրբեջանում գտնվող 5 գերիները հայրենիք վերադարձան ռուսական ինքնաթիռով։ Բոլորը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսակցել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար», – գրել է նա։

Նշենք, որ հինգ գերիներն այժմ Երևանի Մուրացան հոսպիտալում են։ Նրանք արդեն անցել են առաջնային բուժզննումը։

«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների բարեկամները նոր են գնում նրանց տեսության

Վերադարձած գերիներն են` 47-ամյա Էդիկ Հարությունյանը, 47-ամյա Սեյրան Մաթևոսյանը, 44-ամյա Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզի` գերեվարված 62 զինծառայողների խմբից են։

Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ 

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։