Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Լենինգրադի 872-օրյա շրջափակումը վերապրածների թիվը տարեցտարի նոսրանում է: Նրանցից 36–ը 1942-1943 թվականներին տեղափոխվեցին Հայաստան: Ճակատագիրը երկուսին սովից ու մահից փրկելով` բերել էր Փամբակի մանկատուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Այսօր` հունվարի 28-ին, նացիստական ​​շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 77-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Լենինգրադի շրջափակման երկար ու ձիգ օրերի, սովի, զրկանքի ու զոհերի մասին հիշեցին Գյումրու «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում»։ 

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Հենրիետա Մխիթարյանը շատ փոքր է եղել ու այդ օրերն ավելի շատ հիշում է հայրիկի պատմածներով:

«Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ես 2.5 տարեկան էի, իսկ եղբայրս`Գրիշան, 4 ամսական: Հայրս՝ Արտաշես Մխիթարյանը, ավարտել էր Լենինգրադի ասպիրանտուրան և օգնում էր Հովսեփ Օրբելիին, որն այդ տարիներին ղեկավարում էր Լենինգրադի Էրմիտաժը: Հայրս պատմում էր՝ ինչպես են արկղերով փորձել գերմանացիներից հողի տակ թաքցնել Էրմիտաժի հարստությունը այն ժամանակ, երբ հարյուրավոր մարդիկ սովից մահանում էին»,–պատմում է Հենրիետան:

Սովամահ է լինում նաև նրա եղբայրը, իսկ ինքը հրաշքով փրկվում է: Պատմում է, որ ստիպված են եղել անգամ սոսինձ ուտել (թութխալ):

Ինչպես բլոկադային Լենինգրադից փրկված Վարվառան իր երջանկությունը գտավ Հայաստանում

«Օրգանիզմս աշխատելու համար ծնողներս տվել են այդ սոսինձը, բայց փոքր լինելով, նրանցից թաքուն վերցրել ու ամբողջը կերել եմ, մորաքույրս է կարողացել ինձ փրկել»,–պատմում է տիկին Հենրիետան:

Լենինգրադում ողջ մնացած երեխաներին 1942 թվականին տեղափոխեցին խորհրդային տարբեր հանրապետություններ: Նրանցից 36–ը հայտնվեցին Հայաստանում՝ Փամբակի մանկատանը: Հենրիետա Մխիթարյանից բացի այդ 36–ի մեջ էր նաև Աննա Սորոկինան: Տիկին Աննան 1931-ին Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում է ծնվել։ Ասում է` ամեն անգամ թաց աչքերով է հիշում պատերազմական օրերը:

1941-ին նրա ծննդավայրում կատաղի մարտեր էին ընթանում և ոտքերից ծանր վիրավորված 10–ամյա Աննային տեղափոխում են Լենինգրադ, իսկ հետո սկսվում է Լենինգրադի շրջափակումը... Աննան այդ օրերին արդեն Լենինգրադի մանկատանն էր:

«Թռչող ռումբերի, կրակների, ձմռանը ցրտերի, ուժասպառ սովի, ուժասպառ մարդկանց սարսափելի ճռռոցը ... Սա երբեք չի մոռացվում», - պատմում է նա:

1943 թվականին «Կյանքի ճանապարհով» մանկատան երեխաների հետ միասին նրան տարհանել են Մայկոպ, իսկ երբ գերմանացիները մոտեցան Մայկոպին, նրան տեղափոխեցին Հայաստան՝ Փամբակի մանկատուն, իսկ մորն ու քրոջը` Բաշկիրիա: Շուտով քույրը մահացել է ծանր հիվանդության պատճառով:

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Մայրը սկսել է որոնել Աննա Պավլովնային և գտել է նրան Կիրովականի (Վանաձոր) հիվանդանոցում: Շուտով Աննան ապաքինվել է, ինքն ու մայրը հաստատվել են Կիրովականում: Մայրը հիվանդանոցում աշխատանքի է անցել որպես բուժքույր, իսկ Աննան ուսումը շարունակել է դպրոցում: Աշխատել է Կիրովականի քիմիական գործարանում մինչև թոշակի անցնելը:

«Մի փաստ եմ բացահայտել, որն ինձ ցնցել է». Պուտինը` Լենինգրադի շրջափակման մասին

«Չեմ սիրում խոսել այն բոլոր դժվարությունների մասին, որոնք տեսել եմ։ Սարսափելի էր։ Հենց պատերազմի հետևանքով հայրս անհետ կորավ, իսկ քույրս շուտ մահացավ։ Դրա մասին չեմ ուզում խոսել, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանից ու հայերից: Ես այստեղ ոչ մի հարազատ չունեի, բայց իմ համար Հայաստանը երկրորդ տուն դարձավ»,-ասում է տիկին Աննան:

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Գյումրիում Լենինգրադի ազատագրման 77-ամյակին նվիրված միջոցառումն ավարտվեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող լենինգրադցիների հետ տեսակապով։