ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայոց բանակի օրը նշելու լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է։ Այս մասին նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։
Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ցայսօր հատուցվել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։
«Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին: Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,-նշվում է հաղորդագրության վերջում։
Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Զինծառայողների հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը կարող է հասնել 15 000–ի
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։