Հայտնի են վերադարձած 5 գերիների անունները

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձած հինգ գերիների անունները` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։ Տեղեկությունը հայտնում է 24news.am–ը։

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունիում». տեսանյութ

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ասել էր, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:

Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող է գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Այսօր նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։