Հայրենիք են վերադառնում ևս 5 գերիներ

Գերիները հայրենիք են վերադարձել ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ լրատվամիջոցների` 5 գերիներին հայրենիք տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան է մեկնել Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։ Նույն օրերին Շուշիի Հին Շեն և Նոր Շեն գյուղի մարտական դիրքերում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված կամավորների մեկ այլ` 72-հոգանոց խումբն արդեն վերադարձել է Հայաստան։ Խմբի անդամները նույնպես Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: