Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Ռուսաստանը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, աջակցություն է ցուցաբերում ռազմագերիներին վերադարձնելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին։

Հայրենիք են վերադառնում ևս 5 գերիներ

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև հունվարի 11-ին երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է։

«Եվ ռուսական կողմն այդ հարցերում աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորակազմի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու արտգործնախարարը, տվյալ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,-ասել է Զախարովան։

Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը հայկական կողմի համար առավել սուր հարցերից մեկն է: Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին հայտարարելով «ահաբեկիչներ» և «վարձկաններ»։ Այդ քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ տվյալների՝ առնվազն 120 գերի կա։

«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ