Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը շնորհակալ է Ռուսաստանին ու մասնավորապես Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստվում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձման հարցով դիմել Հռոմի պապին։ Նա իր մտադրության մասին հայտնեց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` պատասխանելով լրագրողների հարցերին։

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը

Հոգևոր առաջնորդն անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական կառույցների` վանքերի ու եկեղեցիների նկատմամբ կատարվող վանդալիզմի խնդրին։

«Մենք դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր ենք գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտման խոսքն ասի»,– ասաց կաթողիկոսը։

Գարեգին Բ–ն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին ու մասնավորապես Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին։

Նրա խոսքով` Ռուսիո պատրիարքի շնորհիվ է, որ Դադիվանքն այսօր շարունակում է իրականացնել իր հոգևոր ծառայությունը։

Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: