Եթե խաղաղություն, ապա միայն՝ արժանապատիվ. Արա Այվազյանն այցելել էր Եռաբլուր

Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են, և մոտ ժամանակներս ակնկալվում է նրանց այցը տարածաշրջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ ձևով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

Խնդրում եմ, եղե՛ք պատասխանատու. Վարդանյանը գերիների հարցով դիմել է ադրբեջանցի գործընկերոջը

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ։ Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ»,–ասաց Այվազյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։

«Օրերս համանախագահները հանդիպել են, ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Այվազյանը։

Արտգործնախարարը մանրամասներ չհայտնեց նախատեսվող այցի մասին, միայն նշեց, որ այն համապատասխան ընթացակարգով տեղի կունենա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։