Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Այսօր, Հայկական բանակի օրը, երբ արցախյան պատերազմից հետո ԶՈւ–ն ծանր ժամանակներ է ապրում, մենք մեր քաղաքացիներին ուզում ենք հիշեցնել այն հերոսների մասին, որոնք պայքարում ու չեն հանձնվում։ Այս պատմությունը 30-ամյա մայոր Անդրանիկ Մեսրոպյանի մասին է։
Sputnik

Մայորի տանը մեզ դիմավորում են նրա ամենաերիտասարդ ու կարգապահ «զինվորները»` որդիներ Ավետիսն ու Դավիթը։ Անդրանիկը խիստ հայր չէ, բայց պահանջկոտ է։ Ավագ որդին 6 տարեկան է, նա լավ հասկանում է` ով է հայրն ու պատմում է ընկերներին հոր սխրանքների մասին։ Իսկ Դավիթն ընդամենը 2.5 է, նա նույնիսկ մատներով է դժվարությամբ ցույց տալիս, թե քանի տարեկան է։  Տեսնելով, որ հայրը պատրաստվում է ինչ–որ բան պատմել` երեխաները հարմար դիրք են ընդունում և սկսում լսել մեր զրույցը։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Անդրանիկը փոքր հասակում է որոշել  զինվորական դառնալ`  մոտավորապես Ավետիսի տարիքում և ոչ մի օր չի զղջացել դրա համար, նույնիսկ Արցախում թեժ մարտերի ժամանակ։ Խոստովանում է`էլ ավելի շատ է սկսել սիրել իր մասնագիտությունը, իսկ այսօր փորձում է օգնել ղեկավարությանը վերլուծել այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության։  Նա չի կարծում, որ հայկական բանակը պարտվել է, քանի որ համոզված է` ինչպես ինքը, այնպես էլ իր մարտական ընկերներն իրենց առջև դրված խնդիրները հիանալի են կատարել։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

«Ադրբեջանցի զինվորը մեզ չի հաղթել։ Այդ մասին գիտեն ինչպես իրենք, այնպես էլ մենք` բոլորս։ Կգա ժամանակ և շատ բան կպարզվի, բայց ես նախկինի պես ինձ ուժեղ ու հաղթանակած բանակի սպա եմ համարում։ Ու Բանակի տոնը նշելու եմ ինչպես նախկինում, հարգելու եմ զոհվածների հիշատակն ու ավարտին հասցնելու նրանց գործը», – ասում է նա։

Մայորը պատերազմ է մեկնել հոկտեմբերի սկզբին։  Նա նախապես զգուշացնում է, որ չի պատմելու, թե որ ուղղությամբ է կռվել և ինչ մարտական խնդիրներ է կատարել, բայց խոստովանում է` ամենասարսափելին մարտական ընկերների կորուստն էր։

Անդրանիկը պատերազմի մասին սկզբում զուսպ ու չոր է պատմում, բայց երբ սկսում ենք հարցուփորձ անել զոհված մարտական ընկերների մասին սեղմում է բռունցքն ու աչքերը լցվում են արցունքով։

«Շատ ընկերներ եմ կորցրել, բայց ամենացավալին վերջին կորուստն էր։ Ինձ հետ ամբողջ պատերազմն անցած զինվորը մահացավ հրադադարից մի քանի ժամ առաջ։ Նա ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր. «Պատերազմը կավարտվի այն ժամանակ, ես երբ կմեռնեմ»։ Այդպես էլ եղավ», – պատմում է նա ու դադար տալիս։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Անդրանիկն այցելել է զոհված բոլոր մարտական ընկերների  հարազատներին։ Եղել են դեպքեր, երբ անձամբ է հայտնել տխուր լուրը։  Հիմա աշխատում է կապ պահպանել բոլորի հետ և լրացնել այն դատարկությունը, որը մնացել է նրանց որդիների ու եղբայրների վախճանից հետո։

Մայորը ջանացել է մարտի դաշտից հնարավորինս շատ վիրավորներ և նույնիսկ զոհվածների մարմիններ դուրս բերել` թշնամուն չթողնելու համար։ Բայց եղել են դեպքեր, երբ հակառակորդի ռմբակոծությունների պատճառով չի հաջողվել դա անել, սակայն մարտական գործողությունների ավարտից հետո Անդրանիկն օգնել է զոհվածների աճյունների որոնման հարցում։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

«Զոհվածների ծնողներին միշտ ասում եմ, որ հիմա ես նրանց համար որդի եմ լինելու, կարող են ինձ զանգել, կիսվել իրենց վշտով ու խնդիրներով։ Նրանք հիմա մեր կյանքի մասն են, իսկ մենք` նրանց», – ասում է նա։

Իսկ ահա իր մորն Անդրանիկը չէր ասել, որ պատերազմ է գնում։ Երկար ժամանակ նա մտածում էր, որ որդին շարունակում է ծառայել Արարատի մարզում, որտեղ և ծառայում էր։ Եվ միայն հարևանի. «Ո՞նց ա կռվում տղեդ» հարցը բացեց նրա աչքերը։

Անդրանիկը կարծում է, որ ճիշտ է վարվել, քանի որ մորն ավելորդ հուզվել պետք չէր։ Իսկ ահա սպայի ավագ որդին` Ավետիսը, տատիկից շուտ է հասկացել ամեն ինչ. նա ընկերների մոտ պարծենում էր, որ հայրիկը հայրենիքն է պաշտպանում։

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, որտեղ և ապրում է Անդրանիկ Մեսրոպյանը, շատ զոհեր եղան, շատերը պայմանագրային զինծառայողներ էին։ Եվ 6 տարեկան Ավետիսն իր տարիքի համար շատ իմաստուն արտահայտություն է անում. «Նրանք բոլորը հերոսներ են` պաշտպանում էին մեզ ու մեր հայրենիքը»։

–  Կցանկանայի՞ք, որ ձեր որդիները զինվորական դառնային։

–  Բնականաբար։ Ես պատրաստ եմ ընդունելու նրանց ցանկացած ընտրություն, բայց անկախ ամեն ինչից, մեր բանակի զինվոր լինելը` պատիվ ու հպարտություն է։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

Հավելենք մեր կողմից` այս տարի հունվարի 28-ին տոնական միջոցառումներ չեն նախատեսվում։ Բայց լոկալ բնույթի միջոցառումներ կանցկացվեն երկրի բոլոր զորամասերում։

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից պաշտպանության պետական կոմիտե էր ստեղծվել։  1992 թվականի հունվարի 28-ը ՀՀ կառավարությունն ընդունել էր պաշտպանության նախարարություն ու ազգային բանակ ստեղծելու մասին որոշումը։ Բանակը ձևավորվեց մարտական գործողությունների ընթացքում։ Դրա հիմքը դարձան տարբեր կամավորական ջոկատներ, որոնք անմիջականորեն ներգրավված էին Արցախյան մարտերում։