Շուշիի թեմայով շահարկումները տնային տնտեսուհիների համար են. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Շուշիի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց, որ Շուշիի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարություններն ընդամենը սխալ մեկնաբանության արդյունք են: Նրա դիտարկմամբ` վարչապետի խոսքերը դուրս են բերվել կոնտեքստից:

Ինչ փաստաթուղթ են ցույց տվել Ալեն Սիմոնյանին Մոսկվայում եռակողմ հայտարարությունից առաջ

«ԶԼՄ-ներում գոյություն ունեցող տարածված սադրանքները չպիտի համարվեն  լրագրություն: Վարչապետն ասել է, որ եթե դուք այդքան շատ էիք սիրում Շուշին, ինչու այնտեղ ներդրումներ չկատարեցիք, գործարաններ չկառուցեցիք, այն բարեկեցիկ քաղաք չդարձրեցիք: Իսկ որոշ «լրատվամիջոցներ» փոխանցեցին, թե վարչապետն ասել է, որ Շուշին վատ քաղաք է», - ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ 2020–ի նոյեմբերի 16–ին ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»։

Սիմոնյանը հիշեցրեց, որ վարչապետը նաև հայտարարել է, որ եթե ադրբեջանցի փախստականներին թույլ տրվեր վերադառնալ Շուշի, այն կկործանվեր:

Ընդդիմության տեղապտույտը, կամ ինչ է թաքնված Շուշիի մասին Փաշինյանի խոսքերի տակ

«Մենք ընտրել ենք Շուշիի համար պայքարի ուղին, մենք որոշել ենք մեռնել, բայց պահել քաղաքը հայկական պահել: Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մեր գործընկերներից որևէ մեկը այլ ընկալում չունի, քան այն, որ կա հայկական լեռնաշխարհ, կա պատմական հող, որը շատ ավելի հեռու է ձգվում, քան Շուշին է: Այնպես որ, այս թեմայի շուրջ շահարկումներ կարող են անել միայն տնային տնտեսուհիները՝ խոհանոցում, և իմաստ չունի այն դնել քաղաքական հռետորաբանության մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

Նշենք, որ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ  Փաշինյանն ասել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացում բանակցությունների օրակարգում եղել է ադրբեջանցիների վերադարձը Շուշի: Նա նաև ասել էր, որ Արցախյան առաջին պատերազմից առաջ Շուշիի բնակչության միայն 10% էին հայեր: Ելնելով դրանից ՝ վարչապետը հռետորական հարց էր հնչեցրել` արդյո՞ք այդ կարգավիճակով Շուշին հայկական քաղաք էր: