Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասաց, թե ինչու Հայաստանի ամեն քաղաքացի իրավունք ունի կասկածելու, որ պատերազմի ընթացքում թշնամու հետ գործարք է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը դիլեմայի առաջ է. ՀՀ իշխանությունը, վարչապետը արեցի՞ն ամեն ինչ պատերազմ ունենալու համար ու չարեցի՞ն ոչինչ կանխելու համար: Կամ, արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համա՞ր ու չարեցին ոչինչ հաղթելու համա՞ր:  

Հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում նման հարցադրումներ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իշխանությունների ու անձամբ վարչապետի հնարավոր դավաճանության մասին հարցին:

Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց

«Այնքան շատ են սխալները մեկ մարդու ու մեկ պատերազմի համար, չափազանց շատ են: Ես կառաջարկեի այդ ամենին նայել այլ անկյան տակ. իսկ ի՞նչ է արվել պատերազմ չունենալու համար: Այս 2.5 ամսվա ընթացքում չի ասվել ոչինչ այն մասին, թե վարչապետն ինչ է արել այսպիսի վիճակ չունենալու համար»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` փոխարենն ամեն ինչ արվել է դիվանագիտական ձախողում ունենալու, գործընթացը փակուղի մտցնելու, Թուրքիային, Ադրբեջանին հրահրելու, նրանց մեր դեմ միավորելու համար: Իսկ պատերազմի ժամանակ չեզոքացվել են փորձառու հրամանատարները, չի համալրվել բանակը:

«Լուկաշենկոյի ձայնագրությունից հայտնի է, որ գործարքի քննարկում եղել է, այս նոր իշխանությունը ևս այս կարգի խոսակցության մեջ մտել է՝ հայտնի պաշտոնյայի հանդիպում Դուբայում և չգիտենք` այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել: Խոսք էր գնում 5 շրջանների մասին, և ունենք պատերազմի արդյունքում հանձնած այդ շրջանները և մի բան էլ ավելին» ,- ասաց Քոչարյանը:

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Նշենք, որ դեկտեմբերի 7–ին համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Ըստ նրա, սա այն հարցն է, որով պետք է զբաղվեն իրավապահները, բայց չեն զբաղվում: Այդ պարագայում,նրա խոսքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, քանի դեռ այն չի հերքվել:

«Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ կաներ այն ամենը, ինչ արվել է: Չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր են արվել, դա մեծ հարց է, որ ևս պետք է պարզել»,-ասաց նա:

Նշենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էին, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։