Քաղաքացին մի գրասենյակից մյուսը գնալու կարիք չի ունենա. սոցիալական ոլորտն օպտիմալացվում է

Սոցիալական բոլոր գրասենյակները կմիավորվեն մեկ միասնական մարմնում: Չի բացառվում, որ «մեկ պատուհանի» դերը ստանձնեն «Հայփոստի» հարյուրավոր գրասենյակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Սոցիալական ոլորտում գործող 4 պետական մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայությունը, ընտանեկան նպաստների համակարգը, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտները համակարգող կառույցներն
առաջիկայում կմիավորվեն մեկ միասնական մարմնի կազմում: Նոր մարմինը կկրի «Ինտեգրված սոցիալական ծառայություններ» անունը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով կառավարույան որոշման նախագիծը:

«Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»,- ասաց նախարարը:

Նոր համակարգը ներդրվելու է ս.թ. ապրիլի 1-ից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում շեշտեց, որ բարեփոխումներն իրականացվում են ոչ միայն սոցիալական, այլև քաղաքացիական ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման համատեքստում:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները

Նրա խոսքով` կառավարությունն այսկերպ փորձում է ազատել մարդկանց ավելորդ քաշքշուկներից, և ամեն ինչ արվում է, որ մարդիկ իրենց թղթերը հանձնեն մեկ տեղում ու այդտեղից էլ դրանք հետ ստանան:

«Մարդիկ ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծելու համար ստիպված են լինում այս գրասենյակից գնալ մյուս գրասենյակ, մյուս գրասենյակից՝ երրորդ գրասենյակ, հետո պարզվում է, որ այնտեղ ինչ-որ բան մոռացել են, ստիպված են լինում վերադառնալ առաջին գրասենյակ: Խնդիրն այն է, որ մենք այնպիսի համակարգ ձևավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու կարիք ունենան»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության կայքում հրապարակված տեղեկանքի` առաջարկվող բարեփոխումների արդյունքում մեկ կառույցի ներքո են գործելու ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները:

ԵԱՏՄ–ն դյուրացնում է մաքսային գործընթացը. «մեկ պատուհան» և էլեկտրոնային համակարգ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հայտնեց, որ հարցը քննարկվել է «Հայփոստի» ղեկավարության հետ և չի բացառվում, որ սոցիալական ծառայությունների միասնական մարմնի ֆունկցիան իր վրա վերցնի հենց «Հայփոստը»:

««Հայփոստը» 850-ից ավելի բաժանմունքներ ունի ՀՀ տարածքում: Մենք առաջարկել ենք այս հարցը քննարկել ինչպես ծառայությունների, այնպես էլ գրասենյակների որակի առումով, և քաղաքացիների հետ շփման իրավասությունը վերապահել «Հայփոստին»»,- հայտնեց Արշակյանը: 

Կառավարությունում քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ առաջիկա 3 տարում նախատեվում է թվայնացնել ՀՀ քաղաքացիական բոլոր ծառայությունները: Այս դեպքում, նրա խոսքով, քաղաքացին այլևս ոչ մի տեղ գնալու կարիք չի ունենա և բոլոր անհրաժեշտ ծառայությունները, որոնք նրա ներկայությունը չեն պահանջում, քաղաքացին կստանա իր տանը՝ համակարգչի առաջ նստած:

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը