Ինչու է տղամարդը պատանդ վերցրել իր երեխային. Երևանում տեղի ունեցած դեպքի հետքերով

Sputnik Արմենիայի թղթակիցները դեպքի վայր են այցելել, զրուցել տղամարդու մոր ու ականատեսների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանում իր 3 տարեկան որդուն պատանդ վերցրած 40-ամյա տղամարդն այդ քայլին է դիմել, որպեսզի ոստիկանությունը բերման չենթարկի նրան ու տունը չխուզարկի. նրան կասկածում են զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, տնից էլ երկու զենք է առգրավվել։ Այս ամենը Sputnik Արմենիային պատմեցին ականատեսները, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունները։

«Ոստիկաններն առավոտ շուտ էին եկել նրան ձերբակալելու, բայց նա դիմադրում էր։ Սպառնում էր կրակել էրեխու վրա։ Մի քանի անգամ օդ կրակեց, հետքերը մնացել են տանը։ Կինն ու երեխան վախեցած էին», - ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` տղամարդու եղբայրն էլ է մեղադրվում զենքի ապօրինի շրջանառության մեջ, բայց փախել է դատարանի շենքից։ Աշնանը տանը խուզարկություն անցկացվել, մի քանի միավոր զենք են հայտնաբերել։

Ձերբակալվածի մայրը՝ Նվարդն էլ ասաց, որ այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, իրավապահ մարմինների աշխատակիցները տուն են ներխուժել ու փորձել են ձերբակալել որդուն։ Նրա խոսքով՝ իր տղան ոչ մի վատ բան չի արել և խոշոր պաշտոնյայի զոհ է դարձել։ Մոր խոսքով` այդ պաշտոնյան, որի անունը նա հրաժարվեց ասել, վրեժ է լուծում իր որդիներից։

Ինչու է տղամարդը պատանդ վերցրել իր երեխային. Երևանում տեղի ունեցած դեպքի հետքերով

Նվարդը վստահեցրեց, որ որդին քանդակագործ է ու ապօրինի ոչնչով չի զբաղվում։ Կինը պնդեց, որ նա չի սպառնացել իր 3 տարեկան որդուն, ինքն էլ կրակոցի ձայն չի լսել, թեև տանն է եղել։ Միաժամանակ տիկին Նվարդը հրաժարվեց ներս թողնել լուսանկարիչներին, այլ հարցերի էլ չպատասխանեց։

Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության օպերատիվ խմբերն առավոտյան այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով: Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-տարեկան որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց  թողել երեխային։ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։