Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում մանրամասնեց օդային հաղորդակցությունների վերականգնման մասին ՌԴ կառավարության որոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ, այդ թվում՝ արտագնա աշխատանքի: Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՌԴ կառավարության համապատասխան որոշումը:

195 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Վարչապետը շեշտեց, որ ծրագիրը կարևոր է ՀՀ հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր իրենց սոցիալական խնդիրները լուծում են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելով:

«Մենք նախորդ տարվանից ՌԴ և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ ու, ահա, կարծես թե ունենք կոնկրետ արդյունք: Մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել ՌԴ, դեպի կոնկրետ օդանավակայաններ»,- ասաց վարչապետը:

Նա նաև շեշտեց, որ ծրագիրն առայժմ փորձնական է ու գործելու է մինչև 2021թ-ի մարտի 1-ը, բայց և հույս հայտնեց, որ այն դրական արդյունք կտա, քանի որ նախափորձարկում, նրա խոսքով, ծրագիրն արդեն անցել է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է իրենց բջջային հեռախոսներում ներբեռնեն «Ճանապարհորդիր առանց COVID» ծրագրի հավելվածը:

«Այդ հավելվածում նշված են այն բոլոր լաբորատորիաները, որոնք ընդգրկված են ծրագրում: Մոտենան լաբորատորիա, հանձնեն թեստը և դրա արդյունքները QR կոդով ներբեռնեն ծրագրում: Հավելվածում թեստի բացասական պատասխանի դեպքում ազատ տեղաշարժի պատուհանը կանաչում է: Եվ այդ դրական կանաչ պատուհանն ունենալով՝ քաղաքացիները կարող են ճամփորդել»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է

Նա նաև խնդրեց ՀՀ քաղաքացիներին հատկապես ուշադիր լինել բոլոր անհրաժեշտ քայլերը ճշգրիտ իրականացնելու համար:

Ծրագրի կանաչ պատուհանը հարկավոր է ստանալ թռիչքից 72 ժամ առաջ:

ՀՀ քաղաքացիների համար ՌԴ թռիչքները նշված ծրագրով հասանելի կլինեն արդեն փետրվարի 1-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ: