Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին են ավերել

Իրավապաշտպանն ահազանգում է` Թուրքիայում փորձում են ոչնչացնել հայերի պատմությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Թուրքիայի արևմտյան Քյոթահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am–ը` նշելով, որ այդ մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։

«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությո՞ւնն էլ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։

Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

Ալբոյաջյանի գրքում նշվում է` մարդիկ հավատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա ամբողջովին փակվել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջյանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցված է այս ցուցանակը. «Շենքին մոտենալը վտանգավոր է և արգելվում է»։ Մարդկանց մոտենալով, հարցնում եմ հնարավո՞ր է կապ հաստատել հանդիսությունների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղոթել: Բայց Սուլեյման անունով մեկը պատասխանեց, որ բանալիները հանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախոսով խոսեցինք և ասաց, որ թույլ չի տա ներս մտնել»:

Հիշեցնենք` Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հունվարի 18-ին հայտնել էր, որ Թուրքիայի Բուրսա քաղաքի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա