ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների և ողջ միջազգային հանրության շահերին` հաշվի առնելով աշխարհում անվտանգության և կայունության պահպանման համար իրենց երկրների հատուկ պատասխանատվությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։
«Նախագահները գոհունակություն են հայտնել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման շուրջ պայմանավորվածության հասնելու վերաբերյալ այսօր դիվանագիտական նոտաների փոխանակման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին
Զրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում ՝ առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները:
Քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: