ՌԱԴԻՈ

Լոգիստիկ առումով ՀՀ–ն հանդես չի գալու որպես ինքնուրույն աշխարհատնտեսական սուբյեկտ. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տարածաշրջանային լոգիստիկ տրանսպորտային նախագծերին և դրանցում Հայաստանի դերակատարության հեռանկարին։  
Sputnik
Լոգիստիկ առումով ՀՀ–ն հանդես չի գալու որպես ինքնուրույն աշխարհատնտեսական սուբյեկտ. Դավթյան

Վահե Դավթյանի դիտարկմամբ` նոր տրանսպորտային լոգիստիկ փոխադրումների արդյունքում Հայաստանն ի վիճակի չի լինելու հանդես գալ որպես նոր հաղորդակցությունների իրական շահառու։ Ըստ նրա` եթե լոգիստիկան մշակվեր, օրինակ, Կարս–Գյումրի երկաթուղու վերաբացման հետ մեկտեղ` դրանով իսկ ապահովելով հայաստանյան երկաթուղային ենթակառուցվածքների ուղղակի ներգրավումը նոր տրանսպորտային միջանցքներում, ապա գուցե Հայաստանը այստեղ որոշակի տնտեսական շահ կկարողանար հետապնդել։

Ապաշրջափակման հարցի լուծումն անվտանգային երաշխիք կարող է լինել. փոխվարչապետ

Սակայն այստեղ նույնպես շատ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարածաշրջանում արդեն իսկ գործում է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին, որը պետք է շարունակություն ունենա Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղու տեսքով, ուստի Կարս–Գյումրի երկաթուղու վերաբացումը կարող է ունենալ զուտ դեկլարատիվ բնույթ` սպասարկելով միայն հայ–թուրքական առևտրաշրջանառությունը՝ չունենալով տարանցման հնարավորություն։

«Բայց եթե այս հարցը հայկական կողմից բերվի օրակարգ, ապա գուցե Հայաստանը ևս երկարաժամկետ կտրվածքով կարող է ունենալ որոշակի շահեր այդ ամենի շրջանակներում։ Բայց քանի որ այս պահին նման հարց դրված չէ և խոսվում է բացառապես Կարս–Իգդիր–Նախիջևան, այնուհետև՝ Մեղրի–Զանգելան–Բաքու, այնտեղից էլ դեպի Դերբենդ նախագծի իրագործման մասին, ապա այստեղ մենք հայտնվում ենք պարզապես մի երկրի կարգավիճակում, որը տարածք է տրամադրում թուրք–ադրբեջանական տրանսպորտային լոգիստիկ կապերն ավելի մերձեցնելու նպատակով։ Այս ամենի արդյունքում Հայաստանը հանդես չի գալու որպես ինքնուրույն աշխարհատնտեսական սուբյեկտ»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։  

Դավթյանի կարծիքով` հայկական կողմը չէ, որ այս ամենի շրջանակում օրակարգ է թելադրում, այլ պարզապես մասնակցելու է մի գործընթացի, որն, ըստ նրա, նախապես նախագծված է աշխարհաքաղաքական կենտրոնների` Մոսկվայի, Անկարայի կողմից Բաքվի ուղղակի մասնակցությամբ, և պատահական չէ, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բարեփոխումների և հաղորդակցությունների կենտրոնը հայտարարեց, որ սկսել է մշակել վերոնշյալ երկաթուղու տեխնիկական, տեսական հիմնավորումը՝ նշելով ներդրումային ծավալները` 434 միլիոն դոլար։

Ի՞նչ պետք է հաշվի առնել տրանսպորտային կապերի ապաշրջափակման ընթացքում. ՄԻՊ-ի դիտարկումները

Դավթյանի խոսքով` քանի որ մենք այսօր ունենք ներքին ու արտաքին լեգիտիմության, սուբյեկտայնության լրջագույն խնդիրներ, հետևաբար հայկական կողմը որևէ օրակարգ առաջարկելու ունակություն այս պահի դրությամբ չունի, այլ պարզապես ստիպված է լինելու շարունակել պետության ապասուբյեկտայնացումն ապահովող գործընթացները, որոնց հետևում ենք վերջին շրջանում։