Ինչու և ինչքան է կարագը թանկացել Հայաստանում. հանձնաժողովը պարզել է պատճառները

Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։

ՀՀ–ում հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. ի՞նչ են առաջարկում փորձագետները

Ըստ ՏՄՊՊՀ–ի տարածած հաղորդագրության` «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով 3 830 դրամի, իսկ «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով 4 460 դրամի:

Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին

Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռք բերման գինը 2020 թվականի դեկտեմբերի ընթացքում բարձրացել է շուրջ 6 %-ով: «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռք բերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նվազել է շուրջ 7 %-ով: 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ շուրջ 4%-ով։ Դիզելային վառելիքի թանկացմամբ և սեզոնայնությամբ պայմանավորված բարձրացել է բեռնափոխադրման ծառայության արժեքը:

Ինչու է թանկացել ձեթը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել

2021 թվականի հունվարի 20-ի դրությամբ ՏՄՊՊՀ–ն արձանագրել է կարագի իրացման մանրածախ գնի նվազում, մասնավորապես «Նոր Զելանդիա» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը նվազել է շուրջ 9 %-ով՝ 1 կգ համար կազմելով 3 420 դրամ, իսկ «Անքոր» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը՝ շուրջ 5,4 %-ով՝ կազմելով 4 220 դրամ: Վերջինիս պարագայում իրացման գնի նվազումը կարող է վկայել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ցածր գնով ձեռք բերված կարագը շուկայում իրացվում է 2020 թվականի հունվարի 20-ից, իսկ մինչ այդ իրացվել են ավելի բարձր գնով առկա պաշարները:

Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել

«Սակայն հարկ է նշել, որ կարագի իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման համար և իրացման արժեքի վրա ազդող յուրաքանչյուր գործոնի ազդեցության աստիճանը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել առավել խորը ուսումնասիրություն՝ ներկրող և իրացնող խոշոր ընկերությունների պաշարների, դրանց արժեքների, պահեստավորման մեթոդաբանության և ապրանքների բացթողնման տրամաբանության և այլ տեղեկատվության հիման վրա»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

ՏՄՊՊՀ–ն հիշեցնում է, որ կարագի մանրածախ գները բարձրացել էին նաև 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին։