Ինչ ուտել և ինչ չուտել երեկոյան. մթերքներ, որոնք անքնություն են բերում

Մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ բախվում է անքնության՝ տհաճ և հյուծող երևույթին։ Հաճախ անքնության պատճառ կարող է դառնալ սննդամթերքը։ Sputnik Արմենիայի նյութը ներկայացնում է, թե հատկապես որ մթերքներն են անքնություն բերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Անքնությունը տարածված խնդիր է։ Հետազոտությունների համաձայն՝ աշխարհի չափահաս բնակչության մոտ 30% - ն ունենում է քնի խանգարումներ։ Շատերը քնելու համար դիմում են տարատեսակ դեղամիջոցների օգնությանը։

Մինչդեռ գիտնականներն արդեն պարզել են, որ քնի որակի վրա կարող է ազդել նաև մարդու սննդակարգը։

Ո՞ր սննդից պետք է հրաժարվել քնելուց առաջ

Առաջին հերթին երեկոյան պետք է հրաժարվել ճարպեր պարունակող մթերքներից՝ կարագ, ձկան յուղոտ տեսակներ, ճարպոտ միս, ընկույզ, խմորեղեն։

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը

Դրանք դժվար են մարսվում, ինչը բերում է օրգանիզմի հոգնածության։ Դրա հետևանքով դժվար կքնեք, իսկ քնի մեջ անընդհատ շուռումուռ կգաք։

Երկրորդը՝ հնեցված դեղին պանիրներ են։ Դրանք պարունակում են թերամին՝ նյութ, որը գրգռում է ուղեղը և արգելակում մելատոնինի արտադրությունը, ինչը նպաստում է հանգիստ քնին։

Հաջորդը` սուր ու կծու համեմունքներ են: Դրանք աշխուժացնող հատկություն ունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեկոյան ժամերին ընդունած կծու և սուր համեմունքներով սնունդը թույլ չի տալիս հանգիստ քնել, գիշերային քունը մակերեսային է լինում, և մարդը չի հասցնում հանգստանա:

Կոֆեին պարունակող մթերքները՝ սուրճը, թեյը, կոկա-կոլան և այլն, նույնպես անքնություն են բերում։ Սուրճն ու այլ կոֆեին պարունակող ըմպելիքները պետք է օգտագործել քնից առնվազն վեց ժամ առաջ: Եթե անգամ այս պարագայում վատ եք քնում, ապա պետք է մտածել առավոտվա սուրճից հրաժարվելու մասին։

Հայտնի հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևայի կարծիքով՝ սուրճից պետք է փորձել խուսափել նաև այն պատճառով, որ այն հոգեբանական ազդեցություն է թողնում և ունի միզամուղ հատկություն:

«Հնարավոր է` դուք քնելուց 20 րոպե անց արթնանաք, քանի որ զուգարան գնալու ցանկություն է առաջանում», - ասել է նա ռուսական Առաջին ալիքի եթերում:

Բորտուղեկցորդուհիները սնունդ բաժանելու համար չեն. ո՞րն է նրանց հիմնական պարտականությունը

Ի դեպ, հաշվի առեք, որ մուգ շոկոլադը ևս պարունակում է ոչ մեծ քանակությամբ կոֆեին, ինչը նույնպես քունը խանգարող, տոնուսը բարձրացնող միջոց է։ Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք, շոկոլադ վայելեք քնելուց հինգ ժամ առաջ։

Ալկոհոլը և ծխախոտն ուղեղի գործունեության հզոր խթանիչներ են, որոնք խոչընդոտում են քնել: Երեկոյան խմած մեկ բաժակ գինին քնելու ցանկություն կբերի, և գիշերվա առաջին մասը լավ կքնեք, բայց հետո կարթնանաք գիշերվա կեսին, և երկրորդ մասը շատ անհանգիստ կքնեք`ալկոհոլի ազդեցության պատճառով:

Ինչպես բարելավել քունը

Մի մոռացեք ապացուցված ժողովրդական մեթոդի մասին` տաք կաթ մեղրի հետ:

Տատիկների բաղադրատոմսով այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ: Կաթի բաղադրության մեջ առկա տրիպտոֆանն օգնում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի նորմալ սինթեզին։

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները

Մի բաժակ դդմի հյութը` մեղրով, նույնպես ստիպում է անքնությանը նահանջել և խորը քուն է բերում։ Բացի այդ, դդումի հյութը օգտակար է այտուցների, ճարպակալման դեպքում, պայքարում է հիպերտոնիայի դեմ: Կարող եք օգտագործել նաև հանգստացնող թեյեր, օրինակ, անանուխի և երիցուկի: Երիցուկի թեյի մեջ պարունակվող ամինաթթուները հանգստության և թեթևության զգացողություն են բերում:

Անանուխի թեյը ունի և՛ հանգստացնող, և՛ ցավազրկող հատկություն։ Անանուխը հանում է նևրոզը, լարվածությունը, ազատում անքնությունից։  Բայց այն խորհուրդ չի տրվում խմել քնելուց անմիջապես առաջ, այլ մեկուկես-երկու ժամ:

Քնից առնվազն չորս ժամ առաջ սննդարար ընթրիքներից հրաժարվելը նույնպես ապահովում է ավելի հանգիստ քուն: