Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խիստ մտահոգված հայտարարություն է տարածել

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը շեշտում է, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք պետք է բացառվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։

Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox