ԵԽԽՎ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը

Վեհաժողովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը:

Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով

Այս մասին ասված է ԵԽԽՎ բանաձևում, որն ընդունվել է մոնիտորինգի հանձնաժողովի 2020 թ.-ի զեկույցի հիման վրա։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագությունների ու այն պնդումների կապակցությամբ, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական, քաղաքացիական և մշակութային հուշարձանների նկատմամբ:

Վեհաժողովն ընդգծել է, որ բոլոր խախտումները պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։

Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայկական կողմի համար առավել կարևոր խնդիր է Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Նրանց մի մասին Բաքուն «ահաբեկիչներ» ու «վարձկաններ» է հայտարարել։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել՝ փորձելով ուշադրություն հրավիրել հայ գերիների հարցի վրա։