ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով։
Տեղեկացվում է, որ Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար:
Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։
Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսով է վարակվել նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։
Հավելենք, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել։