Առաջնային է Շիրակում միասնականության պահպանումը. Պապիկյանը ներկայացրել է նոր մարզպետին

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հիմա առաջնային է Շիրակի մարզում համերաշխության և միասնականության մթնոլորտի պահպանումը: Այս կարծիքը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այսօր Շիրակի մարզպետարանում համայնքապետներին և կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:

Ճիշտ ախտորոշման դեպքում լուծումներ կգտնվեն. Շիրակի վիրաբույժ մարզպետը` անելիքների մասին

Նախարար Պապիկյանն ընդգծեց, որ իր ղեկավարման ընթացքում մեկը մյուսի գործը շարունակող երեք մարզպետ է ունեցել Շիրակը: Պապիկյանը հույս ունի`Հարությունյանն ավանդույթը չի խախտի: Գործնական առումով առաջիկայում մեծ աշխատանք կա անելու: «2020-ը բարդ տարի էր: Արցախյան պատերազմից հետո այս պահին մեր ողնաշարը շտկելու, ոտքերի վրա ամուր կանգնելու պահն է: Մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների, մասնավորապես Գյումրու արտաքին տեսքի վերականգնման շարունակականության առումով: Չնայած 2020-ի խնդիրներին, բավական աշխատանք ենք կատարել մարզում և Գյումրիում: 2021-ին անելու ենք ամեն ինչ, որպեսզի ետ չմնանք մեր ծրագրերից»,-վստահեցրեց նախարարը:

Նորանշանակ մարզպետը խոստացավ անել ամեն ինչ՝ հանուն մարզի զարգացման և առկա բարդ իրավիճակից ելքերի որոնման: Ասաց` 2021 թվականը լինելու է ուժերի ներդրման տարի:

«Ինքներս մեզ ապացուցելու ենք, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն մեր հայրենիքի։ Հարգելի ԱԺ պատգամավորներ, համայնքապետներ, պետական մարմինների ղեկավարներ, բոլորիցդ ակնկալում եմ փոխհամագործակցություն: Ինչքան էլ 2020-ը ցավոտ էր, համոզված եմ`կհասնենք այն օրվան, որ 2021-ն ու հետագա տարիները կֆիքսենք որպես վերածննդի տարիներ»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։

Շիրակի մարզը զինվորական կոչում ունեցող մարզպետի տեղակալ ունի. ինչո՞վ է զբաղվելու նա

Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար, ներկա մարզպետ Հովհաննես Հարությունյանին էլ` այս դժվարին ժամանակահատվածում մարզի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Իսկ հունվարի 21–ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։