ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել շուրջ 30 տոննա մարդասիրական օգնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հումանիտար օգնությունը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։
Հիշեցնենք` սա Գերմանիայից Հայաստան վերջին ժամանակներս տեղափոխված առաջին հումանիտար օգնությունը չէ։ Դեռևս նոյեմբերին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։
Հավելենք, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո։ Եվս 300 հազար եվրո աջակցություն դաշնային կառավարությունը տրամադրել է GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով:
Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ