Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

Ֆինանսական աջակցություն պահանջող կարևոր ուղղություններից մեկը մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ։ Նախարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկվել են ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները:

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:

«Նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի արտգործնախարարը բացատրություն է պահանջել թուրք գործընկերոջից

Նախարարն ընդգծել է, որ դեռ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն համավարակի պայմաններում դրանց մի մասն անավարտ են մնացել։ Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կառավարությանը շարունակական աջակցության համար։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական։