Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պատմել է, որ Սերգեյ Շոյգուի հետ մշտական կապի մեջ է եղել ոչ միայն պատերազմական թեմաներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է հանրային ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձած հարցը` արդյո՞ք պատերազմի ընթացքում Ռուսաստանն աջակցեց իր դաշնակից Հայաստանին, թե՞ ոչ:

Պատերազմ կարող էր սկսվել ամեն օր. Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է իր հայտնի արտահայտությունը

«Պատերազմի ողջ ընթացքում ես մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով»,– ասել է Տոնոյանը:

Նախկին նախարարը հայտնել է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարի հետ մշտական աշխատանքային կապի շնորհիվ պաշտպանության ոլորտից բացի, հաջողվել է լուծել նաև մի շարք այլ կարևոր հարցեր ևս:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են