Ազատություն հայ ռազմագերիներին․ ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել

3 լեզուներով պաստառը ձեռքին՝ Էդմոն Մարուքյանը կանգնել էր դահլիճի մուտքի մոտ՝ բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։

ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել։

«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով։