Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։
Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։
«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։