ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ 2017 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանի ընտանիքը տեղափոխվեց Ավստրիա։ Հիմա արդեն Ավստրիայում բոլոր ֆուտբոլասերները լավ գիտեն ոչ միայն Երվանդ Սուքիասյանին, այլ նաև նրա երկու որդիներին՝ Դավիթին ու կրտսեր Երվանդին, որոնց ֆուտբոլային տաղանդն արտահայտվում է յուրաքանչյուր խաղի ժամանակ։
Sputnik Արմենիան կապ է հաստատել Սուքիասյանների ընտանիքի հետ և պարզել` ինչպես հայտնվեցին Ավստրիայում, ինչ է անում մեր հավաքականի նախկին ավագը Եվրոպայի կենտրոնում և ինչպես է կառուցվում Սուքիասյանի որդիների կարիերան հայրենիքից հեռու։
Պատահական հանդիպման արդյունքները
2017 թվականին Սուքիասյանների ընտանիքը հանգստանում էր Ավստրիայում, որտեղ Երվանդը հանդիպեց իր նախկին թիմակից և «Վակեր» Իսնբուրկ թիմի ներկայիս գլխավոր մենեջեր Ալֆրեդ Հորտանգլի հետ։ Այդ հանդիպումից հետո Սուքիասյանները որոշեցին տեղափոխվել Ավստրիա։
«Ալֆրեդը մեզ հրավիրեց իրենց տուն ու, տեսնելով տղաներիս, հետաքրքրվեց, թե ինչով են զբաղվում։ Յութումբում տեսնելով կրտսեր Երվանդի (Երվանդ Սուքիասյանների զույգ որդիներից մեկը կրում է հոր անունը) ու Դավիթի խաղը (այդ ժամանակ տղաները 12 տարեկան էին), անմիջապես ասեց, որ մենք պետք է Ավստրիա տեղափոխվենք, քանի որ պետք ենք «Վակեր» թիմին»,- պատմում է Երվանդ Սուքիասյանը։ Սկզբում նա հումորով է վերաբերվել առաջարկին, բայց երբ զանգերը դարձել են հաճախակի, հասկացել է, որ ամեն ինչ շատ լուրջ է, ու 2017 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ավստրիա։
Որդիները` հոր թիմում
Երվանդ Սուքիասյանը ներկայումս գլխավորում է «Վակերի» մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների թիմը։ Չնայած ավելի փոքր տարիքին` Դավիթն արդեն մեկ տարի է այնտեղ հանդես է գալիս, կրտսեր Երվանդն էլ հունվարից է տեղափոխվել հոր գլխավորած թիմը։ «Իհարկե բոլոր ֆուտբոլիստներն էլ երազում են խաղալ իրենց երկրի հավաքականում։
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Դավիթն ու Երվանդն էլ կարող են խաղալ Հայաստանի հավաքականում, պարզապես նրանք հիմա ունեն Ուկրաինայի անձնագիր։ Ծնվել են Հունաստանում, ունեն Ուկրաինայի քաղաքացիություն, խաղում են Ավստրիայում, ազգությամբ հայ են (ծիծաղում է)», - ասում է ավագ Սուքիասյանը
Երվանդը` Երվանդի հետքերով
Քչերը գիտեն, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը, որը խաղում էր աջ պաշտպանի դիրքում, ժամանակին եղել է հարձակողական ոճի կիսապաշտպան։ «Մինչև 14 տարեկանը ես էլ խաղում էի հարձակման գծում։ Եղավ ընկերական հանդիպում «Կոտայքի» հետ, որտեղ խաղում էր ավագ եղբայրս՝ Վարուժան Սուքիասյանը։
Մեր մարզիչ Ֆելիքս Վերանյանն ինձ հարցրեց կարո՞ղ եմ խաղալ եղբորս դեմ, որը նույնպես հարձակվող էր։ Ասեցի` կարող եմ։ Լավ խաղացի, նույնիսկ հարվածեցի եղբորս ոտքին, որի պատճառով նա փոխարինվեց։ Ու այդ խաղից հետո դարձա աջ պաշտպան»,- պատմում է ավագ Երվանդը։ Հիմա էլ կրտսեր Երվանդն է հոր նման հանդես գալիս որպես հարձակվող։
Ուշ, բայց պուպուշ
Ավելի հետ գնալով` պատմենք, որ Երվանդն ու նրա կինը՝ Վարսիկը, իրենց որդիների լույս աշխարհ գալուն երկար են սպասել։ 2005–ին, երբ ծնվեցին Սուքիասյանների զույգ տղաները, ծնողների ուրախությանը չափ ու սահման չկար։ Վարսիկը պատմում է, որ երեխաները դեռ չէին ծնվել, բայց Երվանդն արդեն նրանց ֆուտբոլիստ դառնալու մասին էր երազում։
«Մենք երազում էիք տղա ունենալ ու մտածում միայն նրա ֆուտբոլիստ դառնալու մասին։ Բայց հղիության սկզբնական շրջանում բժիշկն ասեց, որ կասկած կա, որ զույգ աղջիկ ենք ունենալու և, փորձելով մխիթարել Երվանդին, ասաց` ոչինչ` աղջիկների թիմեր էլ կան։ Երվանդը կարմրեց, հետո գույնը գցեց ու ոչինչ չպատասխանեց։ Ես ասեցի`չկասկածես, մենք զույգ տղա ենք ունենալու, ու այդպես էլ եղավ», - ժպտալով հիշում է Երվանդի կինը՝ Վարսիկը։
Գենետիկ սեր ֆուտբոլի նկատմամբ
Երեք տարեկան հասակում տղաները` Դավիթն ու կրտսեր Երվանդը, իրենք հուշեցին, թե ինչով են զբաղվելու ապագայում։ «Նրանք դեռ փոքր էին, բայց սիրում էին գնդակով խաղալ։ Կրտսեր Երվանդը հարվածում էր, իսկ Դավիթը հետ մղում գնդակը։ Այսպես, տղաներս ինձ ոչ միայն ցույց տվեցին, որ ֆուտբոլով են զբաղվելու, այլ հուշեցին, որ Դավիթը լինելու է դարպասապահ, իսկ կրտսեր Երվանդը` ռմբարկու»,- ասում է Երվանդ Սուքիասյանը։
Կրտսեր Երվանդ ու Դավիթ Սուքիասյաններն արդեն ապացուցել են, որ մեծ ֆուտբոլ խաղալու շեմին են։ Իրենց ներկայիս ակումբում կրտսեր Երվանդը ճանաչվել է լավագույն հարձակվող, իսկ Դավիթը լավագույն դարպասապահ։ Ժամանակը ցույց կտա, թե ո՞վ ու որտեղ կշարունակի իր կարիերան։ Նույնը վերաբերվում է նաև ավագ Երվանդ Սուքիասյանին, որը «Վակերում» մարզչական կարիերան է շարունակում։ Ի դեպ, Երվանդ Սուքիասյանը հիմա Կիևում մարզչական Pro դասընթացների է մասնակցում, իսկ փետրվարի 1-ից էլ Անթալիայում նույն դասընթացների շրջանակներում Սուքիասյանը մասնակցելու է հավաքների։