«Քննարկման փուլում է»․ Լիլիթ Մակունցը խոսել է իր` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին

Լիլիթ Մակունցի խոսքով` փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։

Վարչապետը փորձում է Մակունցին փրկել «խորտակվող նավից». Միքայել Մինասյան

«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է։ Երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», - ասել է Մակունցը։

Մակունցի խոսքով` փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, որոնց համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարումը չունի», - ասել է նա։

Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է

Հիշեցնենք՝ երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ` Լիլիթ Մակունցը շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա 2018-ի մայիսին նշանակվել էր Հայաստանի մշակույթի նախարար, ապա դարձել ԱԺ պատգամավոր։