ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Թբիլիսիում այսօր բողոքի ակցիա է իրականացվում երկրում գործող սահմանափակումների դեմ, որոնք կոչված են կանխելու կորոնավիրուսի տարածումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Առաջինն ակցիային են եկել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։ Ավելի ուշ միացել են Թբիլիսիի այլ բնակիչներ, որոնք բարձրացրել են հասարակական տրանսպորտի տեղաշարժի արգելքը վերացնելու պահանջը», - գրում է կայքը։
Թբիլիսեցիները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է «Բացեք երկիրը», «Աշխատեցրեք տուրիզմը» և այլն։
Վրաստանում սահմանափակումները բավականին խիստ են, անգամ չեն աշխատում մետրոն, ավտոբուսները և տաքսիները։ Սահմանափակումները մտցվել էին 2020 թվականի նոյեմբերին կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճի պատճառով։ Այդ ժամանակ վարակվածների թիվը սկսեց օրական հասնել հինգ հազարի:
Հայաստանում ովքեր ու երբ առաջնահերթ կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ. ԱՆ-ն տեղեկացնում է
Դպրոցները Վրաստանում նույնպես փակ են, դրանք փետրվարի 1-ից կբացվեն մի քանի քաղաքներում։ Բայց Թբիլիսիում և՛ դպրոցները, և՛ տրանսպորտը կվերսկսեն աշխատանքը մարտից ոչ շուտ: Ամբողջ երկրում գործում է պարետային ժամ՝ առանց հատուկ թույլտվության երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 5:00-ը դուրս գալ չի կարելի։