ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին և գործարար ու բարերար Օսման Քավալաին։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունում, որը տրամադրվել է թուրքական Ahval պարբերականին, ասվում է, որ ԱՄՆ-ն նախկինի պես լուրջ անհանգստացած է այն ճնշումներով, որոնք Թուրքիան գործադրում են քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ:
Հայտարարության մեջ ասվում է, որ կարծիքի արտահայտման, խաղաղ և այլ հավաքների ազատության իրավունքը հիմնարար է ցանկացած առողջ ժողովրդավարության համար:
Պարբերականը հիշեցնում է, որ ուրբաթ դատարանը վճռել է շարունակել Քավալայի դատավարությունը, որը մեղադրվում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մասնակցության մեջ։Ինչ վերաբերում է Դեմիրթաշին, ապա հունվարի 21-ին Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են արել Անկարային անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան՝ ՄԻԵԴ-ի ավելի վաղ կայացած որոշումներին համապատասխան:
ԱՄՆ պետդեպարտամենտն իր աջակցությունն է հայտնում Եվրախորհրդարանի հունվարի 21-ի բանաձևին՝ պնդելով, որ ԺԴԿ-ի առաջնորդին անհապաղ ազատ արձակեն: Դեմիրթաշը ճաղերի հետևում է 2016-ի նոյեմբերից ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով։
«Թուրքական բանակը կարող է մի գիշեր գնալ այնտեղ». Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել
Վաշինգտոնը Թուրքիային կոչ է անում պահպանել միջազգային պարտավորությունները և պաշտպանել իր սահմանադրությամբ երաշխավորված հիմնական ազատությունները։
Նշենք, որ հայազգի գործիչ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը նույնպես «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ է։