Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Չնայած պատերազմի ժամանակ ստացած ծանր վերքերին, որոնք սահմանափակել են Զաքարի տեղաշարժը, այսօր էլ երիտասարդ արհեստավորը վստահեցնում է՝ եթե պետք լինի, վերականգնվելուց հետո էլի կգնա հայրենիքը պաշտպանելու:
Sputnik

Զաքարը թիթեղագործ է՝ հոր մասնագիտությունն է ընտրել։ Հայրը՝ վարպետ Խաչատուրն ասում է՝ որդին շատ արագաշարժ է ու գործին նվիրված: Բնավորությամբ այդպիսին է, եթե նվիրվում է՝ ապա մինչև վերջ, բայց ո՛չ գործը, ո՛չ ընտանիքն ու երեխաները, ո՛չ էլ հոր արգելքն ու առողջական վիճակը չկարողացան Զաքարին հետ պահել պատերազմ մեկնելուց:

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Ադրբեջանական ագրեսիան սկսվելու առաջին իսկ օրերից չէր հեռանում Գյումրու զինկոմիսարիատի բակից. մի քանի անգամ դիմել էր, սակայն նրան չէին կամավորագրում՝ տարիներ առաջ Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի պատճառով 32-ամյա երիտասարդի մի ոտքը վնասվել էր, ինչի հետևանքով դժվարությամբ է քայլում: «Ասում էին՝ քեզ ո՞ւր տանենք, ոտքդ վնասված է, բայց ես չլսեցի՝ ծնողներիցս ու կնոջիցս թաքուն գնացի: Սկզբում ասել էի, թե Կիրովականում եմ»,-պատմում է Զաքարը:

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

«Ասի չգնաս, դու էդ քո ոտքով, երկու անչափահաս երեխաներն էլ ունես, ո՞ւր էս գնում»,-անկեղծանում է վարպետ Խաչիկը:

Բայց Զաքարին իր որոշումից հետ պահել ոչ ոք չկարողացավ: Արցախ մեկնել է սեփական մեքենայով՝ որդու ծննդյան օրվա նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին: Ստեփանակերտում, սակայն, նրա մեքենան անհետացավ՝ բոլոր փաստաթղթերով հանդերձ։

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Վիրավորում ստացել է նոյեմբերի 6-ին։ Դիրքերում էին, երբ նկատեցին, որ դեպի իրենց տղաներ են շարժվում, պարզվեց՝ նրանք Հադրութից նահանջած ու ձորում թաքնված մարտիկներ էին։ Նրանք հայտնել են, որ հարակից ձորում տարբեր ստորաբաժանումների ավելի քան 300 հայ զինվոր կա։ Զաքարն ու իր ընկերները փորձել են հեռախոսակապ հաստատելով՝ տղաներին դեպի հայկական դիրքեր առաջնորդել: Այդ ընթացքում հենց թշնամու անօդաչուի հարվածը վիրավորում է Զաքարի աջ ոտքն ու ձախ ուսը:

«Ընկերներիս շնորհիվ եմ փրկվել: Հարվածի ալիքը ինձ խրամատից 8 մետր հեռու է գցել, ընկերներս են հետ բերել խրամատ: Մեռնեմ իրենց ջանին, անմիջապես կողմնորոշվել են ու այնպես են առաջին օգնությունը ցուցաբերել, որ աջ ոտքս չեմ կորցրել: Այդ օրը իմ ընկերներին հաջողվել է ձորից 270 զինվորի դուրս բերել»,- հպարտությամբ պատմում է Զաքարը՝ չմոռանալով իր հիացմունքը հայտնել Ստեփանակերտի, Վարդենիսի, ապա նաև Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բժիշկներին:

«Նրանք Աստծո տված մարդիկ են, ամեն մի բջիջի համար պայքարում էին»: Հիշում է՝ Ստեփանակերտի հիվանդանոցի ճանապարհին, գիտակցությունը չկորցնելու համար, ընկերոջ՝ Դավիթի հրահանգով երգել է «Չենք տա Շուշին» երգը: «Մի ընկեր ունեմ, ասում է՝ էս կյանքը քո համար բոնուս է»։

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Զաքարը ծնողների ու երեխաների հետ բնակվում է տնակում: 1 տարեկան էր, երբ 1988 թվականի երկրաշարժից շենքը մասամբ փլվեց։ Քաղաքի շատ անօթևանների նման ապրել, մեծացել ու ընտանիք է կազմել տնակում: 

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Վերջին տարիներին, մաշված տնակի ցրտից պաշտպանվելու համար ձմեռները երեխաների հետ տեղափոխվում էր վարձով բնակարան. ասում է՝ թիթեղագործի աշխատանքը թույլ տվել է տուն վարձել ու նորմալ ապրել, սակայն ստացված վիրավորումներից հետո ստիպված են նորից ցրտաշունց ձմեռները տնակում անցկացնել: Չնայած դժվարություններին՝ չի դժգոհում ոչնչից, միայն խաղաղություն է ցանկանում, իսկ իր համար էլ՝ որ ապաքինվի ու գտնի Արցախում թողած մեքենան։ Գիտի՝ դեռ երկար ժամանակ չի կարողանա տանիքներ բարձրանալ, գոնե մեքենայով կկարողանար ընտանիքի հոգսերը հոգալ:

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

Իր ապագան երիտասարդ արհեստավորը միայն հայրենիքում է տեսնում: Դա վստահ է ասում՝ ժամանակին ապրել է Համբուրգում, ապա նաև Միլանում, բայց շուտ վերադարձել է Հայաստան:

Նույն ոգով Զաքարը դաստիարակում է երկու զավակներին ՝ Հասմիկին ու Նարեկին: 8-ամյա Հասմիկը, ով հայրիկի ցանկությամբ 3 տարեկանից ազգագրական երգի ու պարի խմբակ է հաճախում, հիմա էլ դհոլ նվագել է սովորում, երազում է զինվորական բժշկուհի դառնալու մասին, իսկ մինչ այդ փորձում է իր նվագով ուրախացնել հայրիկին:

Առաջիկայում Զաքարին մի քանի բարդ վիրահատություն է սպասվում, հարազատներին ինքն է հուսադրում՝ ամեն ինչ լավ կլինի։