Այվազյանը վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը խորհրդանշական նվեր է փոխանցել. լուսանկար

Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը։ Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանը ոչ պաշտոնական այցով Վրաստանում է. նա հանդիպել է վրացի գործընկերոջ հետ

«Մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»,–ասել է Այվազյանն ու իր վրացի գործընկերոջը` Զալկալիանիին հուշանվեր փոխանցել «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի տեսքով։

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։

Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:

Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Ցինանդալի գյուղ (Թելավիի քաղաքապետարան, Կախեթի):

Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար