ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատերազմից հետո ձնամաքրման աշխատանքներում որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Քաղաքապետարանը Facebook–ի էջում գրառում է արել` հորդորելով քաղաքացիներին աջակցել` ինչով կարող են։
«Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Եղած մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար: Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կա՛մ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կա՛մ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային բազան լրջորեն համալրելու կարիք կա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը նույնպես խոչընդոտում է ձնամաքրման աշխատանքներին։ Բացի այդ, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշ տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
Քաղաքապետարանը հայցում է արցախցիների ներողամտությունը` նշելով, որ ձնամաքրման մեքենաները մաքրում են փողոցները` ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ–ը հայտնել է, որ հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին