Ռուսաստանի ՊՆ-ն Արցախ վերադարձած քաղաքացիների նոր թիվ է հրապարակել

Արցախցիները իրենց բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 87 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նրանք իրենց  բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների հետևանքով:

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։